Մեր նախագծերը

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՕՐԵՆՔՆ ԱՅՍՕՐ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է, ԵԹԵ ԱՅՆ ԴԱԴԱՐԵՑՎԻ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԿԿԱՆԳՆԻ, ԲԱԶՄԱԹԻՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐ ԿՍՆԱՆԿԱՆԱՆ․ «ԱՐ-ԳՈ ՌԻԵԼԹԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՕՐԵՆՔՆ ԱՅՍՕՐ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է, ԵԹԵ ԱՅՆ ԴԱԴԱՐԵՑՎԻ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԿԿԱՆԳՆԻ, ԲԱԶՄԱԹԻՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐ ԿՍՆԱՆԿԱՆԱՆ․ «ԱՐ-ԳՈ ՌԻԵԼԹԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

Եկամտահարկի վերադարձի օրենքն այսօր իդեալական աշխատում է, սա լավագույն օրենքներից մեկն է և դրան ձեռք տալ չի կարելի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «ԱՐ-ԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր տնօրեն Արայիկ Գոջաբաշյանը: Եկամտահարկի վերադարձի փոխարեն սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու՝ Կառավարությունը մտադրությունը, ըստ կառուցապատողի՝ սխալ է։ Նրա կարծիքով՝ սոցիալական բնակարանաշինությունը հնարավոր է իրականացնել ոչ թե եկամտահարկի ծրագրի փոխարեն, այլ դրան զուգահեռ։ «Եթե դադարեցվի եկամտահարկի ծրագիրը, անշարժ գույքի շուկան կկանգնի և բազմաթիվ կառուցապատողներ կսնանկանան ուղղակի: Նախորդ տարի 7․8 մլրդ վերադարձրել են այս օրենքով։ Ենթադրենք մեկ տարի 8 մլրդ դրամով 2 շենք կսարքեն, հետո որ շինարարությունը կանգնի, այդ 8 մլրդը չի լինելու բյուջեում՝ սոցիալական բնակարանաշինության համար, որովհետև մուտքերը քչանալու են: Ես չգիտեմ՝ ով է հաշվել, բայց սխալ են հաշվել»,- նշեց Արայիկ Գոջաբաշյանը։

- Մարտի 4-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կառավարությունը քննարկում է հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձի ծրագիրը կանգնեցնելու և դրա փոխարեն սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու հարցը, քանի որ նախորդ տարի պետական բյուջեից եկամտահարկի վերադարձի մեխանիզմով վճարումները կազմել է 7.8 մլրդ դրամ: Որպես կառուցապատող Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է այս հարցում:

- Սկսենք հենց այդ մոտ 8 մլրդ դրամից. եթե վերածում ենք դոլարի, ստացվում է 16.5 մլն դոլար, իսկ դա մեր կառուցած երկու 16 հարկանի շենքի գումար է: Դա քիչ գումար չէ, բայց երկրում մեծ թափով շինարարություն է գնում և դա ընդամենը երկու շենքի կառուցման գումար է: Նախորդ տարի մոտ 8 մլրդ դրամ եկամտահարկի վերադարձի ձևով դուրս է եկել բյուջեից, բայց ինչ-որ մեկը հաշվել է, թե բյուջե որքա՞ն է մուտք լինում: Այսօր մեր ընկերությունը բացառիկ իրավունքով վաճառում է մոտ 18 շենք, որոնք կամ կառուցվում են, ընթացքի մեջ են, կամ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում սկսվելու է շինարարությունը: Մոտ 200 մլն դոլարի ներդրման մասին է խոսքը: Ես ջանացել եմ, որ այդ ներդրումները գան Հայաստան: Ես ներդրողներ ունեմ Լիբանանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, նաև տեղի ներդրողները, և ես այդ մարդկանց կարողացել եմ ներկայացնել եկամտահարկի վերադարձի մասին օրենքի առավելությունները: Եթե լավ հասկանաս օրենքը, համագործակցես բանկերի, վաճառողների հետ, և երկիրը կհարստանա՝ բյուջեում գումարների մուտքի տեսքով, և մարդիկ ձեռք կբերեն բնակարաններ: Այս օրենքն այսօր աշխատում է, սա լավագույն օրենքներից մեկն է, որ այսօր կա, դրան ձեռք տալ չի կարելի: Տեսեք, 200 մլն դոլարի ներդրումով շենքը, եթե սարքվի երկու տարում, այն կվաճառվի 450-500 մլն դոլարով: Հաշվե՞լ եք՝ դրանից ինչ հարկ է գոյանալու: Այս դեպքում ինչ 8 մլրդ դրամի մասին է խոսքը: Կարող ենք բոլոր կառուցապատողներով 5 շենք սարքել տարեկան, տանք պետությանը, թող այդ խավին բաժանեն, բայց օրենքը փոխելը սխալ է:

Նախկինում եկամտահարկի օրենքից կարող էին օգտվել բոլորը, հետագայում շեմ դրվեց՝ 55 մլն դրամից ավելի արժեցող բնակարանն այս ծրագրով հնարավոր չէ գնել, դա մոտ 115 հազար դոլար է կազմում: Ովքե՞ր են գնում, ի՞նչ նկատի ունեն սոցիալական ծրագիր ասելով։ Այո, կան հաշմանդամություն ունեցող անձինք, տարեց մարդիկ, բայց կան երիտասարդ տղաներ և աղջիկներ, որ ուղղակի չեն աշխատում: Այսօր աշխատանք կա, եթե մարդն ուզում է աշխատել: Այսօր մենք բանվորի խնդիր ունենք, օրը 5-10 հազար դրամով բանվոր չենք կարողանում գտնել շինարարական աշխատանքներում ներգրավելու համար։ Այժմ հիմնականում ՏՏ ոլորտի երիտասարդներն են բնակարան գնում, բանկերի աշխատողները։ Երիտասարդը, եթե իր աշխատանքով կարողանում է բնակարան ձեռք բերել, կարողանում է նաև ամուսնանալ, երեխաներ ունենալ, այդ ամենն իրար հետ կապված է:

- Եթե, այնուամենայնիվ, եկամտահարկի վերադարձի ծրագիրը դադարեցվի, այն ի՞նչ հետևանքներ կունենա անշարժ գույքի շուկայի, կառուցապատողների համար։

- Շուկան կկանգնի և բազմաթիվ կառուցապատողներ կսնանկանան ուղղակի: Տեսեք, պայմանական ասած, եթե նախագիծն արժե 10 մլն դոլար, 3-4 մլն դոլարի ներդրում ենք անում, մոտ 3-4 մլն դոլար էլ բանկից վարկ է հաստատվում, մնացածն էլ լավ վաճառքի արդյունքում է գոյանում։ Բանկը կառուցապատողին գումարը փոխանցելիս՝ սառեցնում է հաշիվը, բայց շինարարության ընթացքում բանկը մոնիտորինգ է անում և գումարները կամաց-կամաց բաց է թողնում՝ մոտ 50-60 տոկոսը։ Երբ բնակարաններն արդեն հանձնում ենք բնակչին, բանկը միայն այդ ժամանակ ամբողջական գումարներն, այսպես ասած, բաց է թողնում: Այսինքն, այստեղ շատ խելացի շղթա է ստեղծվել, որ բոլորն օգտվում են այս ծրագրից՝ և կառուցապատողը, և շահառուն, և բանկը, և վաճառքի կազմակերպությունը, և շինանյութ վաճառողը, և կենցաղային ապրանքներ արտադրողը և ներկրողը: Այսինքն, շինարարությունը բիզնեսի լոկոմոտիվն է:

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Կառավարությունն այժմ քննարկում այս գաղափարը, ինչո՞ւ հաջողված ծրագիրը փոխարինել մեկ այլ՝ սոցիալական բնակարանաշինության ծրագրով։

- Այս երկուսն ամբողջովին տարբեր ծրագրեր են: Մեկ տարի 8 մլրդ դրամով 2 շենք կկառուցի պետությունը, հետո շինարարությունը, որ կկանգնի, այդ 8 մլրդը չի լինելու բյուջեում՝ սոցիալական բնակարանաշինության համար, որովհետև մուտքերը քչանալու են: Ես չգիտեմ՝ ով է հաշվել, ես ֆինանսիստ չեմ, չգիտեմ, բայց հասկանում եմ՝ սխալ են հաշվել: Լավ, դադարեցրին ծրագիրը, մյուս տարի 8 մլրդ դրամ ունեն, սարքեցին 2-3 շենք, մի քիչ անորակ կսարքեն, 4 հատ կսարքեն, բա հետո, երբ հարկային մուտքերը քչացան, ի՞նչ է լինելու:

Պատգամավորներից մեկն ասում է՝ մարդիկ փող ունեն, բիզնեսի մեջ չեն դնում, շենք են սարքում, իսկ շենքը բիզնե՞ս չէ: Բացի այդ շենքը սարքելուց, դրան սպասարկող բազմաթիվ ոլորտներ կան: Կարծում եմ՝ սխալ է փոխելը եկամտահարկի ծրագիրը: Կա երկրում օրենք, որ մարդը կարողանում է այդ փողը վերցնել բանկից, կոպիտ ասած, մարում է միայն մայր գումարը, իսկ տոկոսը իրեն փոխհատուցում են իր եկամտահարկից։ Սա իդեալական ծրագիր է, սրանից ավելի լավ սոցիալական ծրագի՞ր: Կարելի է ծրագիրը մի քիչ շտկել, բյուջեի մասին մտածել, բայց մեծ հաշվով, եկամտահարկի վերադարձի ծրագրին կպնել պետք չէ, իսկ սոցիալականը կարող է այս ծրագրի հետ զուգահեռ աշխատել: Մենք պատրաստ ենք այդ սոցիալական շենքերը կառուցել, թող քաղաքապետարանը մրցույթով ընտրի շինարարներին:

- Ծրագրի ներդրման մեկնարկում սահմանված էր, որ հիփոթեքային վարկ ձևակերպելիս քաղաքացին 30 տոկոսի չափով կանխավճար պետք է տրամադրեր, այժմ կանխավճարի չափը 10 տոկոս է։ Ինչ եք կարծում, շեմի իջեցումը անվերահսկելի չի դարձրել շուկան, քանի որ ծրագրի առաջին տարիներին, եթե տարեկան մոտ 150 մլն դոլարի սահմաններում էր պետական բյուջեից վերադարձը, ապա այժմ դարձել է 7․8 մլրդ դրամ։

- Կարող են բարձրացնել շեմը, 30  տոկոս դարձնել, բայց մեծ մասը չեն կարող ձեռք բերել: Ճիշտ է, բնակարան ձեռքբերողներն ամսական ստանում են մոտ 500-600 հազար դրամ, բայց այսօր դա շատ մեծ գումար չէ: Այսինքն, մարդը լավ ապրում է, բայց գումար չի կարողանում հավաքել, որպեսզի այդ 30 տոկոս կանխավճարն ունենա: Այս դեպքում պետք է գույք գրավ դնի՝ ծնողների գույքը, կարող է այդ գույքը չկա կամ ծնողը չի համաձայնում: Խնդիրը գիտեք որն է, մեզ մոտ օրենքներն ընդունելուց չեն քննարկում այն մարդկանց հետ, ովքեր ամբողջ օրն այդ գործի մեջ են: Պետք է նստենք, քննարկենք, բայց ընդհանարապես դադարեցնելը սխալ եմ համարում: Մեր նման շրջափակման մեջ գտնվող երկրի տնտեսության համար, ոչ ծով ունենք, ոչ նավթ, շինարարությունը մեր լոկոմոտիվն է, ինքն իր հետ զարգացնում է միանգամից մի քանի ոլորտներ: Հիմա տեսեք՝ ինչ խնդիր կարող է լինել․ բանկերի հետ պայմանավորվածություն ունենք, բիզնես ծրագիր ունենք, լիբանանցի գործընկեր ունեմ, որը մի քանի մլն դոլար ներդրել է այս գործում, հողն առել ենք, նախագծմանը բավականին գումար ենք տվել, այլ վճարներ ենք արել և օրենքը փոխում են։ Այդ դեպքում մեզ մնում է հողը, կիսակառույց շենք, այսինքն, կիսատ ծրագիր: Չի կարելի այսպես։ Եթե նույնիսկ փոխվելու է ծրագիրը, վերջնական որոշում պետք է կայացվի, նոր միայն հայտարարվի դրա մասին ԱԺ-ում կամ Կառավարության նիստերի ժամանակ, որովհետև վարչապետի ամեն մի խոսքն ազդում է տնտեսության վրա թե լավ, թե վատ կողմով:

- Եկամտահարկի վերադարձի օրենքի պարագայում անշարժ գույքի շուկան բավականին աշխուժացել է, նախորդ տարի միայն 27 տոկոսով ավելի հիփոթեքային վարկեր են տրամադրվել, և, կարելի է ասել, բնակարանային ֆոնդի թարմացման գործընթաց է գնում։ Հայտնի է, որ երկրորդական շուկայի շենքերը մեծամասամբ կառուցվել և շահագործման են հանձնվել Խորհրդային Հայաստանի տարիներին: Եթե դադարեցվի ծրագիրը, սոցիալական բնակարանաշինությամբ հնարավոր է թարմացնել բնակֆոնդը։

- Հնարավոր չէ: Արտասահմանից, օրինակ, Ճապոնիայից մասնագետներ կարող են բերել և ստուգել մեր բոլոր երկրորդական շուկայի շենքերի սեյսմակայությունը, աղետալի վիճակ են ուղղակի: Շենքեր կան, որ վաղուց պետք է քանդված լինեին, դրանք 30-40 տարի շահագործման համար են նախատեսված, խոսքը Զեյթունում, Նոր Նորքում գտնվող շենքերի մասին է: Մոսկվայում քանդեցին բոլորը, պարզ է, Մոսկվան հարուստ քաղաք է, ներդրումները մեծ են, բայց հիմա այստեղ էլ պետք է փորձենք Կառավարություն-քաղաքապետարան-բիզնես համագործակցությամբ ազատվել այդ շենքերից և բնակիչներին տեղափոխել: Մեկ այլ բան եմ ուզում ասել քաղաքապետարանի հետ աշխատանքի մասով։ Այս քաղաքային իշխանությունների օրոք շինթույլտվություններ տալը մի քիչ բարդացավ, դա ունի իր լավ և վատ կողմերը:

- Քաղաքի կենտրոնո՞ւմ շինթույլտվությունների մասին է խոսքը, թե՞ ընդհանրապես:

- Ընդահանրապես: Նորմերին ավելի խիստ են մոտենում՝ կողքի շենքից հեռավորություն, լուսավորություն և այլն: Դա լավ է, ուղղակի մի քիչ արագ պետք է անեն գործընթացը: Այժմ 8 ամիս, 1 տարի տևում է, նայած դեպքում: Իհարկե, կարծում եմ՝ պետք է նորմերը վերանայեն: Այժմ կան նորմեր, որոնք դեռ խորհրդային ժամանակաշրջանից են մնացել, օրինակ, թե հողի քանի տոկոսի վրա կարող ես կառուցում անել: Այսինքն, մեծ պետության նորմ է գործում, երբ հողերը պետական էին, ավտոկայանատեղեր նախատեսված չէին: Հիմա ամեն շենքի տակ 2-3 հարկ ավտոկայանատեղի են սարքում: Իհարկե, այնպիսի իրավիճակ չստեղծվի, որ ով որտեղ հասցնի, շենք սարքի, բայց որոշ նորմեր պետք է փոխվեն։

Մյուս խնդիրը հստակ չափորոշիչների սահմանումն է: Օրինակ, կառուցապատողն իմանա, որ այսինչ տարածքում հող առնեմ, ում բարեկամն ուզում է լինեմ, որ կուսակցությունից ուզում է լինեմ, 4 հարկից ավելի չկարողանամ կառուցել, և ես որոշեմ՝ առնեմ այդ հողը, թե ոչ: Մեկ այլ հողատարածքում, օրինակ, մինչև 16 հարկ կարողանաս կառուցել: Եթե դա հստակ լինի, ներդրողը կիմանա՝ եթե այս հողատարածքն առնի, ինքը 20 հարկի շինթույլտվություն ստանալո՞ւ է, թե՞ ոչ:

Ես միշտ առաջարկել եմ, հիմա էլ առաջարկում եմ՝ շինթույլտվությունները դարձնել գումարով։ Պատրաստ են կառուցապատողներն ամեն հարկի համար, պայմանական ասած, 10 հազար դոլար պետական վճար անել: Պետք չէ սոցիալական ինչ-որ ծրագրեր մտածել: Օրինակ, 16-20 հարկանի շենքը կդառնա 200 հազար դոլար: Նախ յուրաքանչյուրը, որը գումար չունի, չի մտնի այդ բեռի տակ, կառուցապատում չի իրականացնի: Բացի այդ, 200 հազար վճարում ես, որի կեսը կարող է գնալ պետական բյուջեն՝ մարզերում սոցիալական շենքեր կառուցելու, մյուս կեսը՝ քաղաքապետարանի բյուջե՝ քաղաքի համար սոցիալական շենքեր կառուցելու, աղբատար մեքենա, տրանսպորտ գնելու, կամ աշխատավարձերի բարձրացման համար: Հիմա շինթույլտվության նախագիծը, որ մուտք ենք անում, բազմաթիվ մարդիկ են քաղաքապետարանում աշխատում դրա վրա, թող այդ մարդկանց ավելի բարձր աշխատավարձ տան, որ շահագրգռված լինեն արագ, ավելի որակյալ աշխատանք կատարել։

- Վերադառնանք կրկին եկամտահարկի օրենքի հնարավոր վերանայմանը։ Այս օրենքն ուժի մեջ է մտել  2013 թ-ից, մինչ այդ ինչպե՞ս էիք աշխատում, անշարժ գույքի շուկայում իրավիճակը կներկայացնեք։

- Անկեղծ ասեմ, սկզբում ես ինքս էլ չէի հավատում, որ այս օրենքը կաշխատի, որովհետև այն ժամանակ կառուցապատողների մեծ մասն իրական արժեք չէր գրում, բոլորն էլ դա գիտեն: Բանկով առնելու դեպքում էլ նույնիսկ արդեն պատրաստի շենքում, հետևյալ ձևով էր գործընթացը․ վաճառում էին ֆիզիկական անձի՝ իրենց ծանոթներից մեկին, ցածր գնով, հետո այդ անձը վաճառում էր հաճախորդին, որովհետև այս օրենքը չկար, որ պարտադիր կառուցապատողից պետք է առնես։ Պետությունն այդտեղ տուժում էր, իրենք էլ օգտվում էին: Հիմա այս օրենքով չկա դա, բացառված է։ Ով այդպես աշխատեց, շենքը չի վաճառվի: Օրենքն այդտեղ էլ է աշխատում, որ բոլորը հարկերը վճարում են, ստվերում չեն գործում։

- Այսօր Հայաստանում կառուցապատողներն այլ ի՞նչ խնդիրների են հանդիպում։

- Այսօր շատ մեծ խնդիր կա․ 400 մլն դոլարի շինարարություն է կասեցված ոչ միայն մեր ընկերության, այլև ամբողջ քաղաքում: Պատճառը Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածն է։ Տեսեք, ինչ աբսուրդի հասնող օրենք է: Շինթույլտվությունը վարչական ակտ է, իսկ վարչական ակտը, երբ բողոքարկվում է դատարանում, հենց հայցադիմումը վարույթ է ընդունվում, միանգամից կասեցվում է շինարարությունը: Այսինքն, հարևան, որը քեզ վատություն է ուզում անել, ասում է՝ իմ լույսը փակում եք և հայցադիմում է լրացնում։ Դատավորը հենց վարույթ է վերցնում, պետք է շինարարությունը կասեցնես: Այսօր մենք 5 շենք Ուլնեցու փողոցի վրա ունենք կասեցված և մեկ շենք Կոմիտասում:

- Դատավարական պրոցեսը որքա՞ն է տևում սովորաբար:

- Դատը նշանակվում է նվազագույնը 6 ամիս հետո, քանի որ ծանրաբեռնված են դատարանները: Իսկ նիստը սկսվելուց հետո դա կարող է տևել մեկ տարի, հետո դա կարող է բողոքարկվել և մոտ երկու տարի տևել: Աբսուրդն այն է, որ 2 տարի հետո դու հաղթում ես, այդ մարդը ոչ մի փոխհատուցում չի տալիս քո կրած վնասների համար, որովհետև վարչական ակտ է վիճարկել, մենք 3-րդ կողմ ենք, քաղաքապետարանին է դատի տալիս: Բայց երկու տարի հետո մեր շինթույլտվության ժամկետը անցնում է, մենք հաղթում ենք այդ դատը, բայց այն շինթույլտվությունը, որը հաղթել ենք, ժամկետանց է: Մենք դիմում ենք քաղաքապետարան՝ երկարացնելու կամ նորը ստանալու, բայց արդեն այդ նույն հարևանը կարողանում է նորից բողոքարկել, որովհետև սա նոր վարչական ակտ է: Այն հինը, որը հաղթել ենք, այլևս իրավական ուժ չունի: Սա աբսուրդ է:

- Իրավական կարգավորումը ո՞րը պետք է լինի այս դեպքում:

- Դատավորը պետք է որոշի՝ կասեցնի, թե ոչ: Այդ բողոքների մեկ տոկոսը կարող է ճիշտ է, բայց թող դատարանը որոշի, ոչ թե վարույթ ընդունվի և միանգամից կասեցվի շինարարությունը: Ուղղակի մի օրենք պետք է փոխվի: Այս օրենքի բացը իմանալով՝ շատերը մեզ շանտաժ են անում, թալանում են: Այս խնդիրը լուծելու մասին պետք է մտածեն, ոչ թե եկամտահարկի օրենքը վերանայեն:

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան