Մեր նախագծերը

Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Եկամտային հարկի վերադարձի սահմանաչափը կնվազեցվի, աշխարհագրությունն էլ կկրճատվի։ Երևանից հետո Կառավարությունը մտադիր է վերացնել եկամտային հարկի վերադարձով բնակարան գնելու հնարավորությունը նաև մարզերում։ Հարգելի՛ ընթերցող, հարգելի՛ գնորդ, մենք առանձնացրել ենք ծրագրի կարևոր կետերն ու մանրամասն մատնանշել վերջին փոփոխությունները, ներկայացրել ծրագրի շահառուների պաշտոնական թիվն ու այդ նպատակով պետությունից վերադարձվող գումարների վիճակագրությունը։

Եկամտային հարկի վերադարձի մասին օրենքն ընդունվել է 2014 թվականի նոյեմբերին՝ նպատակ ունենալով թարմացնելու մայրաքաղաքի բնակֆոնդն ու աջակցելու կառուցապատման ոլորտի զարգացմանը։ Ի՞նչ է ենթադրում այն․ եկամտային հարկ վճարող քաղաքացուն հնարավորություն է տրվում հետ ստանալ եկամտային հարկն ու այն ուղղել  կառուցապատողից գնվող բնակարանի հիփոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։ 2021 թվականին Ազգային ժողովն առաջարկեց աստիճանաբար սահմանափակել ծրագիրը հետևյալ մեխանիզմով՝

       - եթե գույքը ձեռք է բերվում կամ նախատեսվում է կառուցել Երևանի առաջին գոտում, հիփոթեքային վարկը պետք է ստացված լիներ մինչև 2022-ի հուլիսի 1-ը,

       - նույն տրամաբանությամբ` երկրորդ գոտու համար՝ մինչև 2023-ի հունվարի 1-ը,

       - երրորդ գոտու համար անհրաժեշտ պայման էր, որ վարկը ստացված լինի մինչև 2023-ի հուլիսի 1-ը,

       - այնուհետև 1.5 տարի դադար առաջարկվեց: Երևանի մնացյալ գոտիների համար ժամկետ սահմանվեց մինչև 2025-ի հունվարի 1-ը:

Այս փոփոխությունների նպատակն էր առավել բարձր եկամուտ ունեցողների համար սահմանափակել ծրագիրը, նվազեցնել բյուջեի կորուստները և դրանից օգտվելու հնարավորություն տալ ավելի ցածր եկամուտ ունեցողներին։

 

Եկամտահարկի վերադարձի ծրագրի ապագան Երևանում և մարզերում

Հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրում նոր սահմանափակումներ ներառելու թեման կրկին օրակարգում է: Վերջերս Ազգային ժողովում քննարկվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց Հայաստանի հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Այն ակնհայտ մեծ աղմուկ առաջացրեց հանրության շրջանում։ Հիփոթեքային վարկավորման թեմայի շուրջ առաջացած քննարկումներն ու հարցերը կարելի է առանձնացնել մի քանի կետով․

         -Նախագծով առաջարկվում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը 2027 թ.-ից չկիրառել Երևանին հարակից մարզերում՝          Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Կոտայքում, 2029-ից՝ մյուս մարզերում, բացառությամբ՝ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքերը։   

         - 2025 թվականի հունվարի 1-ից հետո կնքված հիփոթեքային պայմանագրերի գծով վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային առավելագույն սահմանաչափը փոփոխվում է։ Օրենսդրությամբ այժմ սահմանված է 1.5 մլն դրամի չափով, նախագծով առաջարկվում է նվազեցնել՝ սահմանելով 750 հազար դրամի չափով:

         - Կարևոր է իմանալ, որ այս փոփոխությունը կիրառելի է 01․01․2025 թ․-ից հետո հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող  բնակարանների մասով։ Իսկ այն քաղաքացիները, որոնք արդեն իսկ գնել են կամ մինչև այս տարվա ավարտը կգնեն բնակարան հիփոթեքային վարկավորմամբ, հնարավորություն ունեն նույն պայմաններով օգտվելու եկամտային հարկի վերադարձի օրենքից՝ մինչև վարկի ավարտը:

         - Այն դեպքերում, երբ շինարարության թույլտվությունը տրամադրվել է 01․01․2022թ․-ից հետո, Երևան քաղաքում, եկամտային հարկի վերադարձի արտոնությամբ բնակարան ձեռք բերել հնարավոր կլինի մինչև  2025 թվականի հունվարի 1-ը:

Կարևոր է իմանալ

        - Ձեռք բերվող կամ կառուցապատվող բնակարանի արժեքը չպետք է գերազանցի 55 մլն դրամը։

        - Եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից նույն շահառուն՝ անկախ նրանից վարկառու է թե համավարկառու, 2018 թվականի հունվարի 1-ից հետո կարող է օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով։

        - Օրենքը հետադարձ ուժ չունի․ եթե անձը կնքել է պայմանագիր, ըստ որի կարող է օգտվել եկամտահարկի վերադարձի ծրագրից, անկախ նրանից օրենքն ինչ փոփոխության է ենթարկվել, շարունակելու է օգտվել այդ ծրագրից:

 

Կարևոր փաստեր

         - 2023-ին խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կառուցապատողները միասին վճարել են մոտ 55 միլիարդ դրամի հարկ։ Նույն տարում պետությունը եկամտահարկի վերադարձի ծրագրով 52 միլիարդ դրամ է վերադարձրել քաղաքացիներին։

         - Հիփոթեքային վարկի դեպքում կառավարության սահմանած արտոնության կիրառության շահառու և, հատկապես, վերջին տարիներին պետական աջակցությունից օգտվող քաղաքացիների քանակը կտրուկ աճել է. եթե 2015-2017 թթ. ծրագրի նոր շահառու է եղել տարեկան ավելի քան 800 մարդ, ապա 2018-2019 թթ. շահառուների տարեկան քանակը աճել է՝ կազմելով 3100, իսկ 2020-ին նոր շահառուները եղել են 5200, 2021-2023 թվականներին՝ 34․682։ Այս պահի դրությամբ ծրագրի շահառուների թիվը մոտ 51․000 է, որոնցից առնվազն մեկ անգամ եկամտային հարկի վերադարձի դիմում ներկայացրել է մոտ 45․600 շահառու։

         - Այս տարիների ընթացքում կտրուկ աճել են նաև պետբյուջեից վերադարձվող եկամտային հարկի գումարները. եթե 2016-2017 թթ. պետական բյուջեից այս ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցների տարեկան աճը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, ապա 2019-ին՝ նախորդ տարվա համեմատությամբ՝ 3.2 մլրդ, իսկ 2020-ին՝ 5.4 մլրդ դրամ։ 

         - Միայն 2023-ին պետությունը եկամտահարկի վերադարձի ծրագրով քաղաքացիներին վերադարձրել է 52 մլրդ դրամ: 2024-ին նախատեսվում է, որ գումարը կհասնի 72 մլրդ դրամի:

 

«ԱՐ-ԳՈ Ռիելթի»-ն առաջարկում է մի շարք նախագծեր մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում, որտեղ բնակարան ձեռք բերելու դեպքում կգործի եկամտային հարկի վերադարձի օրենքը։ Եթե Դուք ցանկանում եք Երևանում ձեռք բերել բնակարան և օգտվել եկամտային հարկի վերադարձի արտոնությունից, ապա պետք է շտապել․․․

 

 

 

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան