2022-ի հունվարին, երբ Հանրային Հեռուստաընկերությունն անդրադարձավ Երևանին շատ մոտ՝ Զովունիում կառուցվող «Զովեր էկո» բնակելի թաղամասի շինարարությանը, շատերը կասկածում էին, որ շատ կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը 2․5 տարում այս շենքերը վեր կխոյանան։ 13 բարձրահարկ և Զովունիում ամբողջությամբ նոր թաղամասը պատրաստ կլինի շատ շուտով։ «Մագնոլիա Կոմֆորտ» կառուցապատող ընկերությունն առաջինն էր, որ Երևանից դուրս ամենամեծ նախագիծը կյանքի կոչեց։
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ, «Մագնոլիա Կոմֆորտ» ընկերության ֆինանսական տնօրեն - «Կար մեծ փորձ և լավ թիմ․ այս ընթացքում մեր շուրջը հավաքվեց շինարարների շատ լավ կոլեկտիվ՝ ինժեներներ, հասարակ բանվորներ։ Բոլորը սրտացավ են իրենց աշխատանքի նկատմամբ, մյուս կողմից՝ ավելացան նաև մեր գործընկեր մյուս ընկերությունները՝ վաճառքով զբաղվող «ԱՐԳՈ Ռիելթի»-ն և ֆինանսական մասով՝ Ամերիաբանկը։ Եվ ահա ունեցանք այս արդյունքը»։
«Նախագծի կայացման գործում մեծ է եղել նաև Ամերիաբանկի դերը»,- այս համոզմանն է նաև «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիրը։ Արայիկ Գոջաբաշյանը «Մագնոլիա Կոմֆորտ» ընկերության հիմնադիրների հետ զրուցել ու հենց սկզբից է հավատացել ավելի քան հավակնոտ նախագծի իրագործմանը։ Բոլոր ռիսկերը գնահատել ու հասկացել է՝ «Զովեր էկո»-ում վաճառքի լավագույն ցուցանիշն են արձանագրելու։
ԱՐԱՅԻԿ ԳՈՋԱԲԱՇՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր - «Զովեր էկո» թաղամասը մեր ամենառիսկային և ամենահաջողված նախագծերից մեկն էր։ Փառք Աստծո, շենքերը կանգնած են, որոնք հերթով շուտով կհանձնվեն շահագործման։ Երևանից դուրս, Երևանին մոտ, բայց Զովունի գյուղում կառուցեցինք մի ամբողջ թաղամաս իր ենթակառուցվածքներով։ Այնտեղ ամեն ինչ լինելու է, այսինքն, մարդիկ հնարավորություն են ունենալու իրենց տարածքից, իրենց բակից օգտվելու Երևան չգալ, քանի որ ամեն ինչ ունենալու են»։
«Մագնոլիա Կոմֆորտ» ընկերությունից տեղեկացնում են՝ առաջին երեք շենքերի գնորդներին ընդամենը մեկ ամսից կհանձնեն բնակարանների բանալիները՝ դրսի դուռը, լուսամուտները տեղադրված, միջսենյակային պատերը գաջված, գազով, ջրով ու լույսով ապահովված։ Թաղամասում միաժամանակ տարբեր աշխատանքներ են իրականացվում՝ երեսպատում, միջսենյակային պատերի շար, գաջում, ենթակառուցվածքների ստեղծում։
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ, «Մագնոլիա Կոմֆորտ» ընկերության ֆինանսական տնօրեն -«Թաղամասը լինելու է ամբողջությամբ նոր կառուցված ջրատարի և կոյուղատարի առկայությամբ։ Մենք չմիացանք Զովունիում գործող հին համակարգին, այլ ամբողջությամբ նոր կոյուղի ու նոր ջրատար կառուցեցինք։ Թաղամասն ամբողջությամբ 24 ժամով ապահովված է լինելու ջրով ։ Նաև կոյուղու գիծն է փոխվել, այս պահին նաև գազի խողովակների մոնտաժման աշխատանքներն են իրականացվում, գրեթե ավարտվել են գլխավոր մագիստրալի մուտքը թաղամաս»։
Եվ այս ամենը պրեֆեսիոնալ թիմի, ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքում։ «ԱՐԳՈ Ռիելթի»-ի հիմնադրի խոսքով՝ «Մագնոլիա Կոմֆորտ» ընկերությունն իր աշխատելաճով ոլորտում կառուցապատման նոր նշաձող է սահմանել։ Արայիկ Գոջաբաշյանը կարծում է, որ «Զովեր էկո» թաղամասի կառուցումը պետություն-մասնավոր հատված լավագույն համագործակցությունն է։
ԱՐԱՅԻԿ ԳՈՋԱԲԱՇՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր - «Կառուցապատողի ճիշտ, ճկուն աշխատելաոճն ու հաշվարկները, ճիշտ մոտեցումն ապահովեցին նախագծի հաջողությունը։ «Մագնոլիա Կոմֆորտ»-ը գրեթե բոլոր պետական ծրագրերով աշխատեց՝ զինվորականների, երիտասարդ ընտանիքների համար։ Մի խոսքով՝ ամեն ինչ արեցին, որ մարդիկ կարողանան բնակարան ձեռք բերել»։
Շուրջ 980 ընտանիք 2024-ի տարեվերջին ու 2025-ին «Զովեր էկո» թաղամասում իրենց ընտանեկան երջանկությունը կվայելեն նոր ու գեղեցիկ միջավայրում։ Այս թաղամասը հաշված ամիսներ հետո կդառնա Երևանի հյուսիս-արևելյան դարպասն ու հարյուրավոր ընտանիքների երջանկության հասցեն։