Մեր նախագծերը

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆԿՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ, ԿԱՐՈՂ Է ԴԵՖԻՑԻՏ ԱՌԱՋԱՆԱ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄԸ ՔԻՉ ԿԼԻՆԻ, ԳՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ»․ ԱՐԱՅԻԿ ԳՈՋԱԲԱՇՅԱՆ

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆԿՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ, ԿԱՐՈՂ Է ԴԵՖԻՑԻՏ ԱՌԱՋԱՆԱ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄԸ ՔԻՉ ԿԼԻՆԻ, ԳՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ»․ ԱՐԱՅԻԿ ԳՈՋԱԲԱՇՅԱՆ

Այս տարվա հունվար-փետրվարին բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը բավականին աճել է։ Կադաստրի կոմիտե շուկայի վերլուծության բաժնի պետ Աննա Նազարյանն այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ փետրվարին վերջին 14 տարիների ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել՝ 21159 իրավունքի պետական գրանցման գործարք է կնքվել, ինչը նախորդ տարվա համեմատ 26,8%-ով ավելի է, իսկ հունվարի համեմատ՝ 29,1%-ով։ Այս տարվա հունվարին, ըստ Նազարյանի, գրանցվել է 16394 իրավունքի պետական գրանցման գործարք։

Ըստ կադաստրի տվյալների՝ գրեթե բոլոր մարզերում այս գործարքների թիվն աճել է։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Կոտայքում՝ 3437 գործարք, ինչը 20,3%-ով ավել է նախորդ տարվա համեմատ։ Վայոց ձորի մարզում, ըստ Նազարյանի, ամենաքիչ գործարքն է եղել՝ 607, սակայն սա նախորդ տարվա համեմատ 30,8%-ով ավելի է։ Նազարյանի ներկայացմամբ՝ օրենսդրական փոփոխությունից հետո այս տարվա փետրվարին գրանցվել է բնակարանի 1380 վարձակալության գործարք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 26%-ով, հունվարի համեմատ՝ 22,8%-ով։ Նա նաեւ վստահեցրեց, որ օտարերկրացիների՝ ՀՀ-ում բնակարան ձեռք բերելու գործարքները նվազել են 15,6%-ով։
 

mxo3147          

   mxo3108


Ասուլիսի մեկ այլ մասնակից «1SQ GROUP» ընկերության հիմնադիր Արմեն Սաքապետոյանն էլ ասաց, որ մինչեւ տարեվերջ կպահպանվի բնակարանների ձեռքբերման ակտիվությունը, նույնիսկ թեժ կլինի, քանի որ այս տարի եկամտահարկի վերադարձի օրենքի ազդեցությունը Երեւան քաղաքում ավարտվելու է։ «Օրենքի գործողությունը ավարտվելու է Երեւանում, բայց դրան զուգահեռ ընդլայնվում է երեւանամերձ հատվածներում ու հարակից մարզերում։ Օրենքի ժամկետի ավարտով պայմանավորված՝ ականատես ենք լինում երեւանամերձ հատվածների կառուցապատմանը, ինչը հետագայում կարող է հանգեցնել խնդրի՝ ենթակառուցվածքների առումով։ Ականատես ենք լինում, որ Երեւանին մոտ քաղաքներում՝ Էջմիածին, Աբովյան, Աշտարակ, Արտաշատ, որոշակի աշխուժություն է նկատվում։ Ցավոք, հեռավոր մարզերում այդպես չէ, այնտեղ գները բավականին ցածր են եւ բիզնեսին հարմար չէ տեղափոխվել հեռավոր մարզ»,-ասաց Սաքապետոյանը։ Նրա կարծիքով՝ կառավարության քաղաքականությունը պետք է միտված լինի նրան, որ կառուցապատման բիզնեսն ակտիվանա հեռավոր մարզերում, քանի որ այնտեղ էլ բնակֆոնդի նորացման խնդիր կա։ «Քաղաքաշինական տեսանկյունից, մենք կարծում ենք, որ պետք է հնարավորինս սահմանափակվեն կետային կառուցապատումները եւ ավելի շատ կառավարությունը պետք է նպաստի ռենովացիոն ծրագրերի իրականացմանը։ Մասնավորապես՝ 50-60-ականներին կառուցած բնակֆոնդի թարմացմանը։ Եկամտահարկի վերադարձի ծրագիրը տնտեսական ակտիվություն բերող ծրագիր է, բայց մի քիչ էլ պետք է սոցիալական ուղղություն տրվի դրան»,-ասաց Սաքապետոյանը։ Նա կառավարությանը հորդորեց օրավարձով կամ «Aparthotel»-ների դեպքում գործարքները հանել պետական գրանցման գործընթացից, քանի որ դա ավելորդ քաշքշուկ է․ «Մարդը երեք օրով վարձով տուն պիտի վերցնի, ստիպված է գնալ կադաստր, տուրքեր կան, ընթացակարգեր կան եւ այլն»։

mxo3140

 


mxo3114

Ասուլիսի մյուս մասնակիցը՝ «ԱՐ-ԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանն էլ նախ չհամաձայնեց կադաստրի պաշտոնական թվերի հետ, նշելով՝ ներկայացված թվերը, որոնք գերատեսչությունը համարում է հունվար-փետրվարին տեղի ունեցած առուվաճառք, իրականում դրանք երկու-երեք տարի առաջ վաճառված բնակարաններն են․ «Մարդիկ գնման իրավունք են ձեռք բերել կառուցվող շենքից, վճարել են վարկեր, գումարի մի մասը վճարել են կառուցապատողի հատուկ հաշվին եւ փոխանցման ակտի ժամանակ ընդունել են պատրաստի բնակարանը»։ Նազարյանն էլ հակադարձեց, ասաց, որ օրինակ Մալաթիա վարչական շրջանում հին բնակելի ֆոնդը ավելի շատ է, քան նորակառույցները, փետրվարին այստեղ գրանցվել է ռեկորդային թվով գործարք՝ բնակարանների առուվաճառքի 509 գործարք, Շենգավիթում՝ 357․ «Շենգավիթում նման մեծ քանակի նորակառույցներ չկան։ Կենտրոնում ընդամենը 166 գործարք է եղել»։


mxo3122

 

Գոջաբաշյանն էլ խնդրեց, որ կադաստրը տարանջատում անի վերլուծության մեջ, որպեսզի գոնե տարեվերջին հստակ լինի, թե այդ գործարքներից քանիսն են երկրորդային շուկային վերաբերում, քանիսը՝ նորակառույցներին ու ավարտված շենքերին․ «Մենք այս տարի հանձնելու են քսան նախագիծ, որտեղ մի քանի շենք կա, գործարքների թիվն ավելանալու է կադաստրում որպես կատարված գործարք, բայց մենք այդ բնակարանները երեք տարի առաջ ենք վաճառել»։ Գոջաբաշյանի խոսքով՝ շուկան չի պայթելու, դեռ մի բան էլ ակտիվանալու է․ «Եկամտահարկի վերադարձի վերջին տարին է Երեւանում, երբ ասում են՝ շուկան պայթելու է, անկում է ապրելու, նման բան չի լինելու։ Շուկայում մնալու են ուժեղ կառուցապատողները, ովքեր ֆինանսապես լավ են իրենց զգում։ Հիմա կառուցապատողների մեծ մասը արագ վաճառքի շնորհիվ գումարները սկսում են օգտագործել ու քիչ ներդրումներ են անում, այդ կառուցապատողները խաղից դուրս կգան, հզորները, ովքեր իրենց գումարներն էլ են ներդնում, իրենք պայմանները կթելադրեն։ Շուկայում անկում չի լինի, ուղղակի կարող է դեֆիցիտ առաջանա, կառուցապատումը քիչ կլինի, դա էլ կբերի գների բարձրացմանը»։ Գոջաբաշյանը շեշտեց, որ Երեւանում վթարային շենքերի լուրջ խնդիր կա, դա նույնիսկ ազգային անվտանգության խնդիր է․ «Գոնե այդ վթարային շենքերի բնակիչների համար կարելի է կիրառել եկամտահարկի վերադարձի ծրագիրը։ Կամ Կոնդը, Սարի թաղը, հին, խարխուլ տներ են, այդպիսի տարածքներում լոտերով առնող կառուցապատողների դեպքում էլ կարելի է թույլ տալ եկամտահարկի վերադարձ»։

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան