Newmag-ը հայերեն է թարգմանել ու հրատարակել հայ ժամանակակից ամենահայտնի գրողներից Նարինե Աբգարյանի պատմվածքների «Ապրել» ժողովածուն։ Գրքի գլխավոր գործընկերն անշարժ գույքի ոլորտում առաջատար «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությունն է։ Գրքի շնորհանդեսից առաջ Նարինե Աբգարյանին և «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության հանրային կապերի պատասխանատու Հովհաննես Վարդանյանին հյուրընկալել են Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում։
Նարինե Աբգարյանն իր «Ապրել» կոչվող ժողովածուն համարում է վիպակի ու պատմվածքների խառնուրդ, քանի որ ամեն պատմվածքի վերջում հաջորդ պատմվածքի հերոսն է հայտնվում. «Եթե հաջողությունը կարող ենք միայնակ վայելել, դժբախտության համար մեզ պետք են հարազատներ։ Գիրքը Արցախի մասին է, սա Արցախի Բերդ քաղաքն է։ Գրքում ես չեմ նշում, որ այն Արցախում չէ։ Գիրքը նաև անգլերեն է հրատարակվել, ու այլ երկրներում բոլորը համոզված են, որ Արցախի մասին է»։
Նարինե Աբգարյանի պատմվածքների հերոսների մի մասն ունեն նախատիպեր։ Ինչ-որ պատմություններ ինքն է վերապրել. «Բերդն առաջին պատերազմից հետո ավերված էր։ Պատերազմից հետո ուժերը տեղի տվեցին, շատ դժվար է այդ ամենը վերապրել։ Երիտասարդ, խելագարված մարդիկ ամենուր էին։ Գիրքը մարդկանց մասին է, որոնք անցել են պատերազմի, դավաճանության, զրկանքների միջով, ինչպես արցախցիներն են այսօր փորձում վերապրել։
Նարինե Աբգարյանն ասում է, որ իր գրքի ուղերձն ապրելն է, իր հերոսները սովորեցնում են՝ յուրաքանչյուր իրավիճակում պետք է շարունակել ապրել։ Հեղինակը վստահ է, որ ծանր պատերազմը հաղթահարելուց հետո, հայ ժողովուրդն ըմբոստանալու է, իր ձայնը նորից բարձրացնելու է։
«ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության հանրային կապերի պատասխանատու Հովհաննես Վարդանյանը ներկայացրեց, որ իրենց ընկերության համար միայն բնակֆոնդի թարմացումը չէ կարևոր, չնայած այն կյանքի որակի ապահովման հարցում մեծ նշանակություն ունի։ Արդեն 17 հազար ընտանիքի ընկերությունն ապահովել է բնակարանով. «Այս 16 տարիների ընթացքում «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությունը կազմակերպել է հովանավորչություններ, սեմինարներ, ընկերության ղեկավար Արայիկ Գոջաբաշյանի ուշադրության կենտրոնում միշտ եղել են կարիքավոր ընտանիքները, երեխաները։
Կրթությունը, գրականությունն ու հայ ժամանակակից գրականության ու ընթերցանության խթանումը նույնպես մեր ընկերության ռազմավարական կարևոր նպատակներից է, առավել ևս հետպատերազմական շրջանում, իսկ Նարինե Աբգարյանին սիրում են, կարդում են․ «Այս պատմվածքների ժողովածուն կարևոր ուղերձ ունի այս պահին մեր ժողովրդի համար»։